Այսօր դպրոցում շարունակվեցին ու ավարտվեցին մաքրության, սեղանների ներկման աշխատանքները, մեզ մնաց միայն վերջնական տեսքի բերել մեր նկուղը և ներկել խոհանոցի աթոռները:
Հարավային դպրոցին այսօր իր հերթական անակնկալը մատուցեց Արտակ Ռշտունին, ով առավոտյան տեղեկացրեց, որ բերում է խաղողի վազեր, որոնցով հիմք է դրվում Հարավային դպրոցի խաղողի այգուն: Նորից գործի անցան 5-6 տարեկանները, ովքեր ընկեր Արտակի հետ շրջեցին բակում, որոշեցին, թե խաղողը որտեղ պետք է տնկել, ապա մեր այգեպանի՝ վարպետ Վարդանի հետ 5 վազն էլ տնկեցին: Պարզվեց, որ բերված վազերը խաղողի շատ լավ տեսակ են, ու մենք անհամբեր կսպասենք դրանց բերքին: Արտակի հետ անհրաժեշտ մշակման ենթարկեցինք մեր սովորողների ու դասավանդողների բերած խաղողի ճյուղերը, որպեսզի դրանք ևս արմատակալեն, և հնարավոր լինի աճեցնել: