Հետևելով կրթահամալիրի զարգացման ծրագրում մատնանշված ուղղություններին՝ դասավանդողների հետ քննարկել և մշակել ենք Հարավային դպրոցի զարգացման հիմնական ուղղությունները՝
- Կրթական փոխանակումներ
- Խաղողի այգու ստեղծում
- Հարավային դպրոցի նկուղ- ակումբ
- Խոհանոց-ընթարցարան
- Առանց աղբի դպրոց
- Ջերմոց-ջերմատուն
Կրթական փոխանակումներ: Հեղինակային կրթական ցանցի ստեղծումը եղել և պետք է լինի յուրաքանչյուր սեբաստացու գործը: Դա աշխատանք է, որ չափելի, ձևակերպելի չէ, բայց անընդհատ է և տարբեր իր դրսևորումներում: Հարավային դրոցի դասավանդողներն ուսումնական ճամփորդությունները ծրագրելիս կարևորում են տվյալ շրջանի դպրոցների հետ հանդիպումները, համագործակցությունը:
Առաջիկա մեկ-երկու ամսում դրան ուղղված քայլեր՝ Մարիամ Մնացականյանի և Կարինե Բաբուջյանի նախագիծը, Սեդա Խաչատրյանի և Մարգարիտա Հովնանյանի նախագիծը, Գոհար Սմբատյանի նախագիծը, Լուսինե Գասպարյանի նախագիծը:
Խաղողի այգու ստեղծում: Հարավային դպրոցում սկսել ենք գինեգործական նախագիծ: Արտակ Ռշտունու հետ կրտսեր առաջին դասարանի սովորողներն արդեն գնացել են շուկա, գնել խաղողն ու ճզմել դա: Շուտով կունենանք Հարավային դպրոցի անվանական գինին: Նախագծի զարգացումը պետք է լինի սեփական խաղողի այգի ունենալը:
Շուշան Ալեքսանյանի և Լուսինե Նազարյանի համատեղ նախագծով, որին իր ակտիվ մասնակցությունն ունի նաև Արտակ Ռշտունին, նախատեսում ենք Հարավային դպրոցի հետևի բակում և ավազե դաշտին հարակից պատի վերևի հատվածում ունենալ խաղողի այգի: Այս ճանապարհով լուծում կստանա նաև Հարավային դպրոցի պատերը կանաչով ծածկելու խնդիրը:
Հարավային դպրոցի նկուղ – ակումբ: Կրթահամալիրում վաղուց է, որ նկուղները դարձել են ուսումնական տարածքներ: Հարավային դպրոցի խոհանոցի տակի նկուղային հատվածը ևս բարեկարգվել է, ունի դրսից մուտք, այժմ դասավանդողների հետ դասավորում ենք նկուղը, բերում այնտեղ անհրաժեշտ գույք, որպեսզի այն դառնա տեխնոլոգիական-երաժշտական ակումբ: Նկուղը հարմար տարածք է նաև թատերական բեմադրությունների համար:
Խոհանոց-ընթերցարան: Դպրոցի միջավայրի բազմաֆունկցիոնալ կիրառումը զարգացման կարևոր գրավականներից է: Հարավային դպրոցն ունի լուսավոր, բարեկարգ, թափանցիկ, օդափոխվող և միջանցքից առանձնացած խոհանոց, որը կարելի է օգտագործել նաև որպես ուսումնական պարապմունքն անցկացնելու վայր: Սրան է ուղղված խոհանոց-ընթերցարան ունենալու մեր նախագիծը:
Առանց աղբի դպրոց: Հարավային դպրոցի համար հեռանկարային ու կարևոր է թափոնների տեսակավորման Հայկուհու նախագիծը, որը ցանկանում ենք զարգացնել և դարձնել մեր հրաշալիներից մեկը:
Ջերմոց-ջերմատուն- Հարավային դպրոցի հետնաբակում ունենք լուսավոր, ազատ տարածք, որտեղ հաճախ ենք բանջարանոցային բույսեր աճեցրել և հավաքել դրանց պտուղները. Շուշան Ալեքսանյանի նախաձեռնությամբ ցանականում ենք այդ հատվածում ունենալ փոքր ջերմատուն, որին ուղղաված աշխատանքներն ընթացքի մեջ են: Սովորողների հետ ուսումնասիրում են ջերմատների առանձնահատկությունները, այցելում են ջերմոցներ: